ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու գործընթաց չի իրականացվելու։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։
«Այս պահին նման գնումը նպատակահարմար չէ»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ Կառավարության ապրիլի 7-ի նիստում որոշել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենաների գնման նախագիծը։
Նշվում էր, որ խորհրդարանի խոսնակի համար գնվող 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը պետք է ձեռք բերվեր երեք Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Բոլոր մեքենաները պետք է ձեռք բերվեին մեկ անձից։
Հիմնավորման մեջ նշվում էր, որ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ՀՀ ԱԺ նախագահի ուղեկցման համար: