ՀԱՊԿ-ը բարձրացրել է հայ-ռուսական հարաբերությունները նոր՝ դաշնակցային մակարդակի. ՌԴ դեսպանատան խորհրդական

Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով՝ դառնալով ավելի բազմակողմանի և ընդլայնված, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ստեղծման 20-ամյակին նվիրված «ՀԱՊԿ-ի ներկան և ապագան» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում հայտարարեց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Դմիտրի Պանտելինը՝ հիշեցնելով հայ-ռուսական հարաբերությունների պատմական խորը արմատները և քրիստոնեական այն ընդհանուր արժեքներն ու ժառանգությունը, որ կրում են թե՛ հայ, թե՛ ռուս ժողովուրդները:

«Ներկայումս մեզ համախմբում են առևտրատնտեսական, մշակութային-հումանիտար, գիտատեխնիկական լայն կապերը: Իսկ ռուս-հայկական փոխգործակցությունը ռազմական ոլորտում ուղղված է երկու պետությունների, Անկախ պետությունների համագործակցության հարավային թևի անվտանգության և Անդրկովկասում կայունության ապահովմանը», – նշեց ռուս դիվանագետը:

Խոսելով ՀԱՊԿ-ի նշանակության մասին՝ Դմիտրի Պանտելինը շեշտեց, որ 20 տարի առաջ հիմնադրված կազմակերպությունը բարձրացրել է հայ-ռուսական հարաբերությունները նոր՝ աննախադեպ բարձր, դաշնակցային մակարդակի և կուտակել է մեծ ներուժ անվտանգության նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու համար:

«Մեր կազմակերպությունն ամրապնդվում է տարեց տարի՝ յուրացնելով անդամ պետությունների լավագույն փորձը», – ասաց Պանտելինը:

Ռուսաստանի դեսպանության խորհրդականը նաև հիշեցրեց, որ 2021 թ. սեպտեմբերի 16-ից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում նախագահում է Հայաստանը, որին բաժին ընկավ բավական բարդ և պատասխանատու ժամանակաշրջան, որի ընթացքում 2022 թ. հունվարին տեղի ունեցան հայտնի դեպքերը ՀԱՊԿ անդամ Ղազախստանում: Եվ հենց Հայաստանի նախագահությամբ որոշում ընդունվեց խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան՝ ներքին իրավիճակը կայունացնելու նպատակով:

«Ղազախստանում ՀԱՊԿ-ի իրականացրած խաղաղապահ գործողությունը հաստատեց անդամ պետություններում անվտանգությունը արդյունավետորեն ապահովելու հավաքական ուժերի պատրաստականությունը և ցույց տվեց միջազգային հանրությանը կազմակերպության գործունակությունը», – ընդգծեց ՌԴ դեսպանության խորհրդականը:

Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից մեկ տարի ժամկետով:

2022 թ. հունվարի 2-ից Ղազախստանի մի շարք բնակավայրերում գազի գների բարձրացման պատճառով սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Հունվարի 5-ին, երբ մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերն արդեն վերաճել էին անկարգությունների և զինված բախումների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի խնդրանքով անհապաղ խորհրդակցություններ սկսեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ և արդեն հունվարի 6-ին տեղեկացրեց, որ Ղազախստանի նախագահի դիմումի հիման վրա որոշում է կայացվել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: Նույն օրը ՀՀ կառավարությունը ընդունեց որոշում, որով թույլատրվում էր ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը մասնակցել Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համաձայն հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկվեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնց մեջ ընդգրկված էր 100 հայ զինծառայողից բաղկացած ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Ավելի ուշ պայմանագրին են միացել նաև Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրը ուժի մեջ է մտել մասնակից պետություններում հաստատման ընթացակարգերն անցնելուց հետո՝ 1994 թ. ապրիլի 20-ին: Սակայն հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը դուրս են եկել պայմանագրից: 2002 թ. մայիսի 14-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշմամբ ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (կրճատ՝ ՀԱՊԿ), որին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման և ՀԱՊԿ-ի ստեղծման տարեդարձերի առիթով ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ այսօր՝ մայիսի 26-ին, կազմակերպել էր միջազգային մեծ գիտաժողով՝ «ՀԱՊԿ-ի ներկան և ապագան. Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և կազմակերպության ստեղծման 20-ամյակը» խորագրով: Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ-ում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի դիվանագիտական ներկայացուցիչները, ՀՀ Ազգային ժողովի և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև գիտնականներ, փորձագետներ, վերլուծաբաններ, նախկին զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից և Ռուսաստանից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել