Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝
1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը».
2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն.
3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ԱԱԾ-ն ռեժիսոր Արմեն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան: Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր համացանցում և զանգվածային լրատվության միջոցներում Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և մտացածին գաղափարներով նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու համար։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր, միաժամանակ քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: