Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում էր քաղաքացիական գործն ըստ հայցի Տիգրան Տերտերյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և Մարինե Մարտիրոսյանի` զրպարտության դիմաց 2.000.000ՀՀ դրամ գումար փոխհատուցում համապարտության կարգով բռնագանձելու պահանջի մասին:
Վերոնշյալ թերթի 2011թ. մայիսի 26-27 թիվ 53 /813/ համարում հրապարակվել է հոդված, որում տեղ են գտել հետևյալ տեղեկությունները` «Ըստ Էջմիածնի բնակիչների` օրեր առաջ դպրոցի նախկին տնօրենի որդին այրել է դպրոցի փաստաթղթային արխիվը»: Նախկին տնօրենի որդին հայցվոր Համլետ Տերտերյանն է:
Դատարանում պատասխանողի ներկայացուցչի` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Անահիտ Հակոբյանի կողմից ապացուցվեց, որ Մարինե Մարտիրոսյանը այդ տեղեկությունը լսել է Էջմիածնի բնակիչներից և հոդվածում հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին: Հետևաբար` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 5-րդ կետի ուժով լրատվության միջոցը և լրագրողը ազատվում են պատասխանատվությունից:
Դատարանը /դատավոր` Ա.Մելքումյան/ ս/թ ապրիլի 13-ին կայացրեց օրինական և հիմնավորված վճիռ` մերժեց հայցադիմումն ամբողջությամբ: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել մայիսի 13-ին: