ՀՀ արդարադատության նախարությունում երեկվանից մեկնարկել է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումները:
Այսօր քննություն կհանձնեն միայն անգլերենից՝ նախապես ցուցակագրված և 3 խմբի բաժանված քաղաքացիները:
Տեղեկացնենք, որ ստուգումներին հայտագրված անձինք քննական հանձնաժողովի կողմից բաժանվել են խմբերի՝ ըստ համապատասխան լեզուների: Յուրաքանչյուր խմբի համար ստուգման տևողությունը 3 ժամ է, անցկացման ձևը՝ գրավոր:
Ստուգմանը մասնակցող 3 խմբից 2-ի օտար լեզուն ռուսերենն էր: Երրորդ խմբում էին ընդգրկված այլ օտար լեզուներից՝ բացառությամբ անգլերենի և ռուսերենի, քննություն հանձնողները:
ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ` երեկ մեկնարկած նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգման համար նախապես ցուցակագրված 95 մարդուց ստուգմանը չի ներկայացել երկուսը, իսկ մի հոգի ընթացքում հրաժարվել է շարունակել:
Հիշեցնենք, որ ստուգման արդյունքները գնահատվելու են 20 միավորանոց համակարգով: Դրական են համարվելու 17 և բարձր միավորները: Հանձնաժողովի կողմից սահմանվել են էական և ոչ էական սխալների սահմանումները՝ էական են համարվելու այնպիսի սխալները, թարգմանությունները, բառերի կամ նախադասությունների բացթողումները, որոնք կհանգեցնեն տեքստի բովանդակային փոփոխության կամ տարընկալման: Յուրաքանչյուր էական սխալի դեպքում հանվելու է 2 միավոր: Ոչ էական են համարվելու այն սխալները, որոնք իրենց մեջ չեն պարունակելու էական սխալ (օր.՝ քերականական, կետադրական, տեքստի ընկալման վրա չազդող շարադասական սխալներ): Յուրաքանչյուր ոչ էական սխալի դեպքում հանվելու է 0.25 միավոր: