Ապաստան հայցողի անձը հաստատող փաստաթուղթը ապաստան հայցողի անձը հաստատող վկայականն է, որը սահմանված է օրենքով: Լիազոր մարմինը յուրաքանչյուր ապաստան հայցողին և նրա ընտանիքի անդամներին, ապաստանի հայց ներկայացնելուց հետո անվճար տրամադրում է անձը հաստատող վկայական: Ընտանիքի մինչև 16 տարեկան անդամների մասին տեղեկությունները զետեղվում են ապաստանի հայց ներկայացրած իրենց ծնողների կամ խնամակալների անձը հաստատող վկայականներում:
Առանց ուղեկցողի և (կամ) ընտանիքից անջատված մինչև 16 տարեկան ապաստան հայցողներին տրամադրվում է անձը հաստատող առանձին վկայական:
Ապաստան հայցողների անձը հաստատող վկայականը տրամադրվում է երեք ամսով, և մինչև ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը ոստիկանության կողմից այդ վկայականի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարաձգվում է երեքական ամսով:
Անձը հաստատող վկայականը հաստատում է ապաստան հայցողի օրինական բնակության փաստը և գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Անձը հաստատող վկայականը կորցնում է իր վավերականությունը ապաստանի հայցի մերժման վերաբերյալ վերջնական որոշումը ապաստան հայցողին ուղարկելուց մեկ շաբաթ հետո, իսկ հայցը բավարարելու դեպքում` լիազոր մարմնի կողմից ապաստան հայցողին, կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ տրամադրվելու պահից:
Հայաստանի Հանրապետությունում ապաստան չստացած փախստականները, շարունակում են պահել իրենց տրամադրված` անձը հաստատող վկայականը:
Անձը հաստատող վկայականի կորստի կամ այն օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում լիազոր մարմինը գործը հիմնավոր ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում համագործակցելով իրավապահ մարմինների հետ, ապաստան հայցողներին տրամադրում է անձը հաստատող նոր վկայական` նախորդ վկայականի վավերականության ժամկետով:
Գործն ուսումնասիրելու ընթացքում լիազոր մարմինը ապաստան հայցողին տրամադրում է նրա` ապաստան հայցող լինելու և ինքնությունը հաստատող փաստաթղթի կորստի մասին վկայող տեղեկանք: