Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրեմն, այս օրերին իշխանության տարբեր շրջանակներ իրենց սոցիալական ցանցերով ու կեղծ էջերից սկսել են իմ անվան հետ կապված ուղղորդված արշավներ՝ ծայրահեղ վիրավորանքներով ու ատելությամբ:
Ակնհայտ է, որ անուն-ազգանունս քաղաքական մեծ վախեր է առաջացնում իշխանության պաշտոն ունեցող շատ մարդկանց մոտ:
Երկրի իրական կառավարման ու խնդիրներ լուծելու փոխարեն զբաղվում եք խառնակչությամբ:
Ֆեյսբուքով երկիր կառավարելով` աղետի առաջ եք կանգնեցրել մի ողջ ժողովրդի, իրական վտանգի տակ եք դրել մեր պետականությունն ու անվտանգությունը:
«Ոտքից գլուխ» տապալել եք ձեր առաքելությունը, քանի որ ձեր պաշտոններն ավելի եք գերադասում երկրի շահերից ու անվտանգությունից:
«Լեզվին տվող» պետական ու համայնքային տարբեր ծառայողների հիշեցնում եմ, որ դուք պետք է զբաղվեք ձեր իրական առաքելությամբ՝ Հայրենիքի պաշտպանությամբ ու պետության անվտանգությամբ, սահմանային բնակավայրերում, գյուղերում ապրող մարդկանց վիճակով, այլ ոչ թե վիրտուալ կոմֆորտի մեջ Ֆեյսբուքի էջերով ու լայքեր հավաքելով:
Ձեզ համար նորից եմ կրկնում այն, ինչ ասել եմ ապրիլի 30-ի իմ հանրային քննարկման ժամանակ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:
Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»,- գրել է նա: