Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ավարտին խոսեց իրենց վաղվա անելիքների մասին:
«Տարբեր խմբեր վաղը կգտնվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում և կպարալիզացնեն քաղաքը: Մեր մյուս հայրենակիցները վաղը՝ ժամը 8:30-ից սկսած սպասում են այս հրապարակում, որպեսզի խմբեր ձևավորենք և ամեն մեկը մի ուղղությամբ կգնա: Այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն ձևավորված խմբեր, միանգամից կգնան այլ փողոցներ ու խաչմերուկներ»,- ասաց նա:
Վերջինս դիմելով քաղաքացիներին ասաց, որ բոլորի ներկայությունը կարևոր է և հավելեց, որ մարզերում գտնվող քաղաքացիները ևս պետք է փակեն ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան գտնվել միայն Երևանում:
«Սիրելի հայրենակիցներ, ամեն ինչ ծրագրավորված գնում է առաջ: Խնդրում եմ հավատացեք և կանգնեք ոտքի»,- հանրահավաքն ամփոփեց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Դիմադրություն» շարժումը համապետական հանրահավաք իրականացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էին նաև Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երևան եկած խմբերը. Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։ Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրվեցին:
Վաղ առավոտից էլ շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի տարբեր փողոցներ: