Ռուսական կողմից եղել է պարզաբանում. Արարատ Միրզոյանը՝ պատգամավորներին Արցախ չթողնելու մասին

Ազգային ժողովում կառավարության և պատգամավորների միջև հարց ու պատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն՝ անդրադառնալով ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին Արցախ չթողնելու միջադեպին, հարց ուղղեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ ԱԳՆ հայտարարությունից զատ:

«Այն պահից սկսած, երբ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորները չեն կարողանում Լաչինի միջանցքով մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, մենք ձեռնարկել ենք բնականաբար գործողություններ՝ կապ ենք հաստատել ԼՂ իշխանությունների հետ և Ռուսաստանի Դաշնության իշխանությունների հետ: Մեզ հավաստիացրել են, որ ԱԺ պատգամավորների մուտքն Արցախ չի թույլատրվում սադրանքներից զերծ մնալու նկատառումներով»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա նշեց, որ ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ կարող են սադրանքներ տեղի ունենալ:

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարությունը մտահոգություն է հայտնել այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ:

«Նշված գործողությունը հակասում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որով նախատեսվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ: Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները»,-նշվել է հայտարարությունում:

Թեմայի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ գործելակերպը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթին, որ Լաչինի միջանցքը հենց դրա համար էլ նախատեսված է՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կապը ապահովելու համար։ Միջանցքում որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս ԱԺ պատգամավորների շարժը արգելելու կամ արգելափակելու համար»,-նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել