Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով: Վարկի մայր գումարի հետ հիմնականում վճարում եք նաև տոկոսագումարներ (այսպես կոչված՝ տոկոս):
Վարկերի հետ կապված մի շարք մանրամասներ Iravaban.net-ը տեղեկանում է Abcfinance.am-ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Որտեղից վերցնել վարկ – Հայաստանում վարկեր տրամադրում են բանկերը, վարկային կազմակերպությունները և գրավատները: Բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրում են սպառողական, գյուղատնտեսական, հիփոթեքային, բիզնես վարկեր, իսկ գրավատները` միայն գրավադրմամբ վարկեր:
Ինչպես է որոշվում վարկ տրամադրելը – Վարկ տրամադրելիս վարկատուն ցանկանում է համոզվել, որ դուք ի վիճակի կլինեք վերադարձնել վարկը, այսինքն՝ ունեք այդպիսի ցանկություն ու կարողություն: Այդ ցանկությունն ու կարողությունն այլ կերպ անվանվում է վարկունակություն:
Ֆինանսական կազմակերպությունները վարկունակության գնահատման համար ստուգում են 5 հանգամանք.
1․ Վարկային բնավորություն. մինչ վարկ տրամադրելը վարկատու կազմակերպությունը ցանկանում է համոզվել՝ դուք վստահելի՞ անձ եք որպես վարկառու, պատշաճ կերպով կատարե՞լ եք ձեր նախկին պարտավորությունները, թե՞ ոչ: Դա պարզելու համար վարկատու կազմակերպությունը ուսումնասիրում է ձեր վարկային պատմությունը:
2․ Կարողություն. ստուգվում են ձեր եկամուտները և ծախսերը, որքա՞ն աշխատավարձ եք ստանում, ի՞նչ այլ եկամուտներ ունեք, որքա՞ն մասը կարող է հատկացվել վարկի մարմանը:
3․ Ունեցվածք/կապիտալ. ֆինանսիստների կարծիքով՝ եթե ձեր կարողությունը (նախորդ կետում նշված) մեծ է, սակայն չունեք կապիտալ (տուն, ավտոմեքենա, անշարժ գույք և այլն), ուրեմն չեք խնայում և չեք մտածում վաղվա մասին: Կապիտալը «հետաքրքրում է» վարկունակությունը գնահատողներին, քանզի եթե մի օր դադարեք եկամուտ ստանալ, կկարողանաք վաճառել ձեր կապիտալը, այն վերածել կանխիկ միջոցների և վճարել ձեր վարկը մինչև եկամտի նոր աղբյուրի ձեռքբերումը:
4․ Գրավ, երաշխավորություն. ապահով միջոց է, որ կկատարեք ձեր պարտավորությունը: Ձեր գրավը գումարի վերածելու միջոցով կազմակերպությունը կարող է հետ ստանալ իր գումարը: Որոշ վարկատեսակներ, օրինակ՝ ուսանողական վարկերը, տրամադրվում են ոչ թե գրավի, այլ ծնողների/խնամակալների երաշխիք/երաշխավորության հիման վրա:
5․ Այլ պայմաններ. ունենալով շատ երեխաներ, մեծահասակ ծնողներ, շատ ծախսերի պատճառով հնարավոր է չկարողանաք մարել վարկը: Վարկատու կազմակերպությունները հաշվի են առնում նաև այս և այլ հանգամանքներ, ինչպես օրինակ՝ որքանով եք կայուն. հաճա՞խ եք փոխում աշխատավայրը, բնակավայրը և այլն:
Երաշխավոր – Վարկ տրամադրելիս վարկատու կազմակերպությունները վարկառուներից հաճախ պահանջում են ներկայացնել երաշխավոր կամ երաշխավորներ, որպեսզի համոզված լինեն, որ վարկը կվերադարձվի:
Վարկ տրամադրելիս վարկատու կազմակերպությունները վարկառուներից հաճախ պահանջում են ներկայացնել երաշխավոր կամ երաշխավորներ, որպեսզի համոզված լինեն, որ վարկը կվերադարձվի:
Երաշխավորը հավասարապես պատասխանատու է վարկի վերադարձման համար. եթե վարկառուն չկատարի վճարումները, երաշխավորից են պահանջելու վարկի մարումը:
Այնպես որ հարկավոր է լա՛վ մտածել, մինչև երաշխավոր դառնալը: Եթե վարկառուն վարկը չմարի, երաշխավորն է մարելու այն: Վերջինս կարող է անգամ զրկվել սեփական գույքից, իսկ վարկառուն վատ վարկային պատմություն կձևավորի: Նույնը սպասվում է նաև երաշխավորին: