ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Արձագանքելով այսօր Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորգրված հռչակագրին՝ ըստ որի նշված պետությունների միջև հարաբերություններն այլեւս անցնում են դաշնակցային մակարդակի, արձանագրենք հետեւյալը.
Գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերը, որոնց արդյունքում Հայաստանում 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցավ աղետաբեր իշխանազավթումը, շարունակվում են։
Այդ իշխանազավթման արդյունքում հետևողականորեն խարխլվեցին Հայաստանի և Արցախի անվտանգային համակարգերի կարևորագույն բաղադրիչներից մեկը հանդիսացող հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները։
2018-ի մայիսից վարվող անհետևողական և հանցավորության աստիճանի տգետ արտաքին քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր նախաձեռնողականությունն ու այլ հնարավորություններով ինքնիշխանությունը ընդլայնելու և ամրապնդելու առիթները, որ մինչ այդ կային:
Գործող իշխանությունների թողտվությամբ Թուրքիայի ռազմաքաղաքական գործոնը մխրճվեց և ամրապնդվեց Հարավային Կովկասում՝ բացահայտ բարձրացնելով Ադրբեջանի հետ կապված խաղադրույքները գլոբալ դիմակայության շրջանակներում։
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց Հարավային Կովկասում ազդեցիկ դերակատարի իր դիրքերը և այս դավադիր կառավարիչների նպատակային գործողություններով բռնեց ինքնիշխանության մաշեցման ու հյուծման ճանապարհը։
Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է։
Ցավոք, ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը ընկալելի, համադրելի և ներդաշնակեցված չի եղել ռազմավարական դաշնակցի տարածաշրջանային շահերի հետ, ինչի արդյունքում արձանագրվել են հայ ժողովրդի համար մտահոգության առիթ հանդիսացող նոր դրսևորումներ։
Այսօրվա ռուս-ադրբեջանական հռչակագիրը Հայաստանի գործող ռեժիմի անհապաղ հեռացման թարմ ու այլեւս միջազգային մակարդակի ահազանգն է։
Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք համապարփակ հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչին անհապաղ ձեռնամուխ պիտի լինեն գալիք իշխանությունները»: