Երեխաները նկարում են իրենց բնակավայրը, ապա երևակայական ընտրում այն շինությունները, որոնք կարող են լինել դպրոց կամ այլ իրավասու հաստատություն: Հետո որոշում են, թե դպրոցն ի˚նչ իրավունքի հետ է առնչվում` կրթական իրավունքի: Դպրոցում աշխատում են ուսուցիչներ, նրանք առնչվում են աշխատանքային իրավունքներին: Այդպես պատկերավոր մարդու իրավունքների կրթության մանկական ձեռնարկ «Կողմնացույցիկ»-ը իրազեկում է երեխաներին իրենց և ընդհանրապես մարդու իրավունքների մասին:
Հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Տոնական օրվա շրջանակներում «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Կողմնացույցիկ» մանկական ձեռնարկի շնորհանդեսը: Այն նախատեսված է 6-13 տարեկան երեխաների համար:
Ձեռնարկը Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնի հրատարակության թարգմանությունն է: «Համաձայնության շնորհիվ բնագրից որոշակի հատվածներ հանվել են հայկական տարբերակում, ավելացվեն են մարդու իրավունքներին վերաբերող որոշ տեղեկություններ ինտերնետային կայքերից: «Կողմնացույցիկ»-ն իսկական հանրագիտարան է մարդու իրավունքների կրթության վերաբերյալ»,-ասում է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ձեռնարկի խմբագիր Գևորգ Մանուկյանը:
ՀՍԻԿ-ը մարդու իրավունքների կրթության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն է: Կենտրոնական գրասենյակը գտնվում է Վանաձորում: Մարդու իրավունքներին վերաբերող մասագիտացված գրադարաններ ունեն Հայսատանի 6 քաղաքներում:
Ձեռնարկի շնորահանդեսին ներկա էր նաև Երևանի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, ում տերունական աղոթքով էլ բացվեց միջոցառումը:
«Ինձ համար հայ ասելը միշտ զուգակցվում է զավակասիրության հետ»,- ասում է հոգևոր հովիվն օրվա խորհրդի հետ կապված:
«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքը սահմանում է նորմ, ըստ որի` արգելվում է առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությունը կրոնական կազմակերպություններին: Iravaban.net-ի թղթակիցը փորձեց քահանայից պարզել թե որքանո˚վ են պաշտպանված հայ երեխաները նման իրավիճակներից
«Այս առումով պաշտպանված չեն երեխաները: Հոգեորսությունն արգելված է մեր երկրում, սակայն դրա դեմ պայքարն օրսենսդրական հարթությունում չկա: Այն երեխաները, որոնք մասնակցում են նման կրոնական կազմակերպությունների հավաքույթների, մեկուսանում են հասարակությունից, չեմ մասնակցում մի շարք միջոցառումների, առողջական որոշակի միջամտություններ չեն ընդունում: Հատկապես մարզերում, համայնքներում ու սահմանամերձ գյուղերում շատ անելիքներ կան հոգեորսությունից երեխաներին պաշտպանելու համար»,- նշում է հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:
«Կողմնացույցիկ» ձեռնարկի տպագրությունը հնարավոր է դարձել Եվրոպայի խորհրդի Բուդապեշտի երիտասարդական կենտրոնի, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ: «Կողմնացույցիկ»-ը կարելի է տեսնել նաև ինտերնետային տարբերակով: