Վարչապետի որոշմամբ Գարիկ Սարգսյանն ազատվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից և նշանակվել Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Գարիկ Սարգսյանին ազատել պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Մեկ այլ որոշման մեջ էլ նշվում է․ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակվել է ավագանու արտահերթ ընտրություններ։
ՔՊ և «Հանրապետություն» կուսակցությունների համամասնական ցուցակների՝ Վեդիի ավագանու բոլոր թեկնածուները ներկայացրել են ինքնաբացարկի դիմումներ։
«Այս քայլին գնում ենք խոր գիտակցումով՝ բոլորիդ արդեն հայտնի փակուղային իրավիճակից դուրս գալու համար։ Սրանով փորձել ենք զրոյացնել ենթադրյալ բոլոր ռիսկերը»,-նշել էր Գարիկ Սարգսյանը։
Նշենք՝ Վեդիում դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով առաջատար է «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ ձայների 42.86%-ով, ՔՊ-ն 2-րդ տեղում է՝ 38.04%-ով, «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է ձայների 16.31%-ը: