Ըտրվել է քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի եվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի դատավորի թեկնածուի հավակնորդը
Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհուրդը:
Բարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, 2021 թվականի դեկտեմբերի 24-ին անցկացրել է քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինը համալրելու նպատակով դատավորի թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ:
Հարցազրույցի փուլին մասնակցել է գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 3 հավակնորդ:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը:
Քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 3 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ է ստացել 1-ը. Հակոբյան Կարեն: