Կարևոր ու շատ դրական լուր Արցախից. Արտակ Բեգլարյանի հայտարարությունը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Կարևոր ու շատ դրական լուր Արցախից…

Այս օրերին արդեն սկսել ենք բաշխել Ստեփանակերտի նորակառույց բնակարանները տեղահանված և զոհված զինծառայողների ընտանիքներին: Այսօր տրամադրել ենք 20 նոր բնակարան, օրեր առաջ՝ 10, իսկ առաջիկա օրերին այդ թիվը կհասնի 100-ի, հունվարին՝ 300-ի: Այս թաղամասերը կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ:

Բնակարանների առաջնահերթ շահառուները զոհված զինծառայողների տեղահանված ընտանիքներն են, ինչպես նաև՝ բազմազավակ ու այլ խոցելի տեղահանված ընտանիքները: Ընդ որում՝ այսօրվա 20-ից շուրջ կեսն ընտանիքում ունեն երկու զոհ: Զուգահեռաբար բնակարան ենք տրամադրելու նաև բոլոր շահառու խմբերին, այժմ բնակարանային հարցերի կոմիտեն ակտիվորեն աշխատում է կարիքների ու աշխատանքների արդյունավետ ու օբյեկտիվ համակարգման ուղղությամբ:

Բարի բնակարանամուտ եմ մաղթում այս բոլոր ընտանիքներին, իսկ մնացած շահառուներին՝ համբերություն, և բոլորի բնակարանները աստիճանաբար կտրամադրվեն՝ նախագահ Հարությունյանի կողմից հաստատված ծրագրի համաձայն: Շնորհակալություն բնակարանային ծրագրերի բոլոր աջակիցներին, Հիմնադրամի նվիրատուներին, ՀՀ կառավարությանը, շինարարներին և բնակարանային հարցերի կոմիտեի թիմին:

Որքա՜ն հաճելի էր զգալ այս կրկնակի տուժած ընտանիքների ուրախությունը՝ իրենց նոր օջախների ստացման առթիվ: Սա ուշադրության այն փոքրիկ դրսևորումներից է, որը կարող ենք մենք ցուցաբերել մեր զոհված հերոսների ընտանիքների հանդեպ:

Էլ չասեմ հայրիկին ու պապիկին պատերազմում կորցրած փոքրիկ Մոնիկայի ուրախությունը, երբ բանալիներն անձամբ փոխանցեցի իրեն, իսկ վերջում էլ կարողացա համոզել, որ ականջիս թաքուն ասի, թե ձմեռ պապիկին ուղղված նամակով ինչ է ուզել…»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել