ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և նրա ընտանիքի անդամներն իրենց ներկայացուցիչների միջոցով այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ծանոթացել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի նյութերին:
Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գլխավոր Դաստախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Աբրահամյանը նշեց նաև, որ վերջիններս ստացել են քրեական գործի նյութերը և սահմանված ժամկետում իրենց դիրքորոշումը կհայտնեն:
Հիշեցնենք, որ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում նրանց պատկանող գույքերի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, և արդյունքում կազմվել ամփոփագիր։
Գագիկ Բեգլարյանը, նրա կինը՝ Նունե Նիկոլյանը, զավակները՝ Հրանտ և Նատելլա Բեգլարյանները, դեկտեմբերի 27-ին հրավիրվել են դատախազություն՝ գործի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով։
Նրանք պետք է ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: