Ինչո՞վ են զբաղվում նախարարությունները

Պետության կառավարման գործընթացում գործադիր իշխանության մարմինների համակարգում կառավարությունից հետո իրենց կարևորությամբ, իրավական վիճակով և գործունեության իրականացման ձևերով առանձնանում են հանրապետական գործադիր մարմինները:

Վերջիններս կառավարության քաղաքականությունն առանձին բնագավառներում մշակող և իրականացնող մարմիններ են: Դրանք են` նախարարությունները և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինները:

Նախարարությունը հանդիսանում է պետական կառավարման կենտրոնական մարմին, որը կոչված է ղեկավարելու իրեն հանձնարարված ճյուղերը կամ կառավարման ոլորտները: Նախարարությունն իր համակարգի մեջ մտնող մարմինների նկատմամբ վերադաս մարմին է: Այդ համակարգը կազմված է նախարարից, նախարարի տեղակալից (տեղակալներից), խորհրդականներից, մամուլի քարտուղարից, օգնականներից, ռեֆերենտներից, նախարարության աշխատակազմից, տարածքային ստորաբաժանումներից, այդ ոլորտում գործող պետական մարմիններից, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից:

Նախարարությունը ղեկավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ Նախագահը` ՀՀ վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀՀ վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ: Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման և իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման համար: Նա հաշվետու է ՀՀ Նախագահին, ՀՀ կառավարությանը և ՀՀ վարչապետին: Նախարարի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ վերջինիս պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

Ինչպես նախարարությունները, այնպես էլ կառավարությանն առընթեր մարմիններն ունեն աշխատակազմեր, որոնք ապահովում են նախարարությանը (կառավարությանն առընթեր մարմնին), այդ թվում` նրա կազմում գործող առանձնացված ստորաբաժանումներին (գործակալություններին և տեսչություններին) օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև վերջիններիս մասնակցությունը քաղաքացիական իրավահարաբերություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել