Հայ ազգը ձգտում էր անկախության, որ հայի համար օրենք լիներ: Այսօրվա օրենքները հայի համար չեն, որովհետև ընդունում են անօրենները: Այս կարծիքը հայտնեց դերասան Ազատ Գասպարյանը` Մշակույթի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ: «Օրենքները չեն ընդունվում զոքանչի կամ տղայի շահի համար»,- ասաց դերասանը:
Իսկ Կարաբալա արձանի հեղինակ Լևոն Թոքմաջյանն արձանի տեղաշարժման հետ կապված դժգոհեց: Նրա խոսքով` տեղափոխելիս ոչ ոք իր կարծիքը չի հարցրել: «Մի ռեստորանի տեր էլ ասում է` ի˚նչ կլինի, որ բերենք արձանը դնենք մեր ռեստորանի մոտ: Է, դե’, այդպես չեղավ, չէ˚: Պետք է նման արձանների պաշտպանության վերաբերյալ պետական մոտեցում լինի»,- նշեց Լևոն Թոքմաջյանը` հավելելով, որ նույնն է, թե մեկի տնից գան որդուն տանեն, իսկ ծնողին տեղյակ չպահեն:
Վերջինիս խոսքով` Կարաբալայի արձանը ստեղծվել է պետական պատվերով, և ժամանակին համապատասխան որոշում է եղել, որ այն Աբովյան փողոցում պետք է տեղակայվի: Իսկ հիմա իրավասու մարմիններին էլ տեղյակ չեն պահել արձանի տեղաշարժման առիթով:
Iravaban.net-ի հետ զրույցում քանդակի հեղինակին մատնանշեցինք «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի է կետը, որտեղ հստակ ասվում է, որ հուշարձանների պահպանության և օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունն է թույլտվություն տալ հանրապետական նշանակության հուշարձանները տեղափոխելու և փոփոխելու համար: «Իսկ դուք գիտեք արձանը տանողը սրան նայե˚լ է (ցույց է տալիս օրենքը-Ն.Հ.)»,- ասաց Լևոն Թոքմաջյանը:
Նունե Հովսեփյան