ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 32-ամյա տղամարդու կողմից 12 և 10 տարեկան երեխաների նկատմամբ անառակաբարո գործողություններ, շորթում կատարելու, պոռնկագրական նյութեր պահելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքերի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները:
Մասնավորապես, քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 32-ամյա տղամարդը, հաստատապես իմանալով, որ համացանցի միջոցով իր հետ ծանոթացած անձն ընդամենը 12 տարեկան աղջիկ է, թաքցնելով իր իրական տվյալներն ու նպատակը, ներկայանալով որպես հասակակից աղջիկ, սեփական սեռական պահանջմունքները բավարարելու շարժառիթով, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջով խաբեությամբ պահանջել է պարբերաբար կատարել իր սեռական բնազդը գրգռող, անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող գործողություններ, այնուհետև երեխային ստիպել է այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և ուղարկել իրեն: Ենթարկվելով տղամարդու պահանջին՝ աղջիկը լուսանկարներն ու տեսագրություններն «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել է նրան:
Այնուհետև, երեխայի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով նրա հորից պահանջել է գումար փոխանցել «Totogaming» խաղային կայքէջի և «IDram» էլեկտրոնային դրամապանակի՝ իր հաշվեհամարներին, իսկ որպեսզի սպառնալիքները լուրջ ընկալվեն, մինչև գումարի ստանալը, «Tiktok» սոցիալական ցանցում գրանցված կայքէջում հրապարակել է աղջնակի կիսամերկ լուսանկարը, որը ջնջել է գումարը ստանալուց հետո:
Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ տղամարդու կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ ևս: Մասնավորապես, քննությամբ պարզվել և հիմնավորվել է նաև, որ նույն տղամարդը, հաստատապես իմանալով, որ «Tiktok» սոցիալական ցանցի միջոցով իր հետ ծանոթացած անձը 17 տարեկան է, իսկ վերջինիս եղբայրը՝ ընդամենը 10 տարեկան, շահագրգռել է նրանց մտացածին խաղով՝ ստելով, թե հիշյալ խաղի պահանջները կատարելու դեպքում նախատեսվում են պարգևատրումներ: Եղբայրները, ենթարկվելով իրենց ներկայացված խաղի կանոններին, կատարել են անառակաբարո գործողություններ, այդ ամենը լուսանկարել, տեսանկարահանել և «Instagram», «Viber» հավելվածների միջոցով ուղարկել են տղամարդուն, որոնք նա պահել է իր բջջային հեռախոսում և արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով ավագ եղբորից պահանջել է գումար:
Սակայն տեսնելով, որ պատանին հրաժարվում է պահանջված գումարը վճարել, զանգահարել է վերջինիս, ներկայացել որպես ոստիկան և հայտնելով, թե խաղի կանոնները խախտելու խնդրով իրեն դիմել է «Tiktok» սոցիալական ցանցում խաղի կազմակերպիչ անձը, բողոքը չեղարկելու նպատակով, պահանջել է գումարը փոխանցել իրեն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 263-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրենքով ուժի մեջ մտած դատավճռով: