ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջև այսօր ստորագրվեց համագործակցության մասին հուշագիր: Այս մասին հայտնում է ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի բաժինը:
Փաստաթուղթն ստորագրեցին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանն ու ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Հուշագրով կողմերի միջև համագործակցության հիմքեր կստեղծվեն, ինչպես նաև կամրագրվեն իրականացվելիք համատեղ աշխատանքները:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարևորեց հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ հարկադիր կատարման ծառայությունը կադրերի պատրաստման խնդիր ունի: «Բազմիցս նշել եմ, որ ծառայությունը հարկադիր կատարման դպրոցի հիմնման խնդիր ունի, ուստի այս հուշագրի նպատակներից մեկը նաև այդ բացի լրացումն է, որն էլ կիրականացնենք իրավագիտության ֆակուլտետի հետ: Խոսքը վերաբերում է և՛ կադրերի պատրաստմանը, և՛ աշխատակիցների վերապատրաստմանը, ինչպես և մի շարք իրավական խնդիրների լուծմանը»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Նա նշեց նաև, որ ծառայությունում տեսության լրացման բաց կա՝ հույս հայտնելով, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ ջանքերով կկարողանան լուծել բոլոր խնդիրները:
«Մեկ ամսվա ընթացքում մենք աշխատանքային խումբ կկազմենք, կոնկրետ պրակտիկ աշխատանքային պլան կմշակենք, որի արդյունքում էլ կունենանք նաև հստակ ժամանակացույց»,- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ թեև ԴԱՀԿ-ն երիտասարդ կառույց է՝ ընդամենը 15 տարվա պատմություն ունի, բայց այն «գործում է բաց դաշտում» և իր գործունեության ինստիտուցիոնալ, իրավական հիմքերից առաջ է անցել: Նրա խոսքով՝ տարիների ընթացքում իրավագիտության ֆակուլտետի ուսանողները, ավարտելով ուսումնական հաստատութունը, ունեցել են պրակտիկայի խնդիր: «Մենք ունեինք տաղանդավոր երիտասարդներ, որոնք ավարտելուց հետո պրակտիկայի հարցում դժվարություններ են ունեցել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մեթոդն էր այդպիսին և հնարավոր չէր անմիջապես իրականացնել այդ տեսական գիտելիքների պրակտիկ կիրառության հնարավորությունը: Նա վստահեցրեց, որ այս հուշագրի ստորագրմամբ Հայաստանում շատ արագ զարգացող հարկադիր կատարման ոլորտում իր ղեկավարած ֆակուլտետի ուսանողները կստանան պրակտիկ փորձ հավաքելու հնարավորություն:
ԴԱՀԿ ապահովող ծառայաությունը ԵՊՀ-ի Իրավագիտության ֆակուլտետին նվիրեց խորհրդանշական հուշանվեր՝ արդարության Աստվածուհի Ֆեմիդայի արձանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորեց տարբեր կառույցների, այդ թվում նաև պետական կառավարման մարմինների հետ համագործակցությունը, որը տեղավորվում է 21-րդ դարի համալսարանի՝ կորպորատիվ համալսարանի գաղափարի մեջ: Ըստ նրա՝ այն երկուստեք խիստ օգտակար կլինի թե՛ հասարակության, և թե՛ պետության համար:
Հուշագրի գործողության շրջանակներում Կողմերը կհամագործակցեն հետևյալ ուղղություններով՝
• ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից մշակվող, ինչպես նաև ծառայության քննարկմանը ներկայացվող օրենքների, իրավական այլ ակտերի նախագծերի` խորհրդատվական բնույթի մասնագիտական փորձաքննություն Իրավագիտության ֆակուլտետի կողմից.
• ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ծագող իրավաբանական խնդիրների վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացությունների տրամադրում Իրավագիտության ֆակուլտետի կողմից.
• Իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներգրավում հարկադիր կատարողների վերապատրաստման դասընթացներին.
• Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների ուսումնական ծրագրով նախատեսված պրակտիկաների կազմակերպում ԴԱՀԿ ապահովող ծառայությունում.
• Իրավագիտության ֆակուլտետում կատարվող գիտական հետազոտությունների համար պրակտիկ նյութերի, փաստաթղթերի, վիճակագրական տվյալների տրամադրում ԴԱՀԿ ապահովող ծառայության կողմից:
Իրավաբան.net