Ինչպե՞ս պատրաստվել ճանապարհորդության

Ճամփորդության պատրաստությունը տեսնում են՝ ելնելով նրա բնույթից և տևողությունից:

Եթե ճանապարհորդությունը հեռավոր է և երկարատև է լինելու, հարկավոր է իմանալ տվյալ վայրի կլիմայական պայմանների, ազգային սովորույթների, տեսարժան վայրերի մասին: Այդպիսի տեղեկություններ կարելի է ստանալ ուղեցույցներից, հանրագիտարաններից, այդ երկրի մշակույթն ու ազգային սովորույթները լուսաբանող գրքերից, ինչպես նաև այն ծանոթներից, ովքեր արդեն եղել են այնտեղ: Որքան խորը լինեն գիտելիքները այն երկրի մասին, ուր ուղևորվում եք, այնքան հետաքրքիր կլինի այնտեղ անցկացրած ժամանակը:

Հանդերձանք ընտրելիս հարկ է հաշվի առնել ուղևորության վայրը և նպատակը: Եթե ճամփորդության ընթացքում նախատեսվում են արշավներ, անհրաժեշտ է ունենալ համապատասխան մարզական հագուստ:

Ճանապարհի զգեստները պետք է լինեն հարմարավետ, նախընտրելի է՝ չճմրթվող կտորից: Ճամպրուկները դասավորելիս հարկավոր է ուշադրություն դարձնել, որ առաջին անհրաժեշտության իրերը չխառնվեն մյուս իրերի հետ և լինեն հասանելի տեղում, որպեսզի հարկ չլինի երկար փնտրել: Ընդհանրապես լավ է ճամպրուկները դասավորել որքան հնարավոր է սեղմ, որպեսզի հավելյալ փաթեթների կարիք չզգացվի:

Ճամպրուկներրը դասավորելիս ճիշտ կլինի առաջնորդվել անհրաժեշտ իրերի՝ նախօրոք կազմած ցուցակով:

Երթևեկության տոմսակներն ու անհրաժեշտ փաստաթղթերը պետք է տեղավորել պայուսակում, ոչ թե ճամպրուկներում` հագուստի հետ միասին: Երթևեկության ցանկացած միջոցից օգտվելիս անհրաժեշտ է առանց առարկելու ենթարկվել այնտեղ տիրող կանոններին, քանի որ դրանք մշակված են այնպես, որպեսզի ուղևորների համար ստեղծեն ամենալավ հարմարություններն ու ապահովեն նրանց անվտանգությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել