Զինվորական ողջույնը զինծառայողների ընկերական համախմբվածության մարմնացումն է, նրանց փոխադարձ հարգանքի և ընդհանուր բարեկրթության վկայությունը:
Բոլոր զինծառայողները պարտավոր են հանդիպման կամ միմյանց կողքով անցնելիս ողջունել իրար` խստիվ պահպանելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարային ծառայության կանոնադրությամբ սահմանված կանոնները:
Ենթակաները և զինվորական կոչմամբ կրտսերները առաջինն են ողջունում, իսկ հավասար դիրքում գտնվողներից` առավել քաղաքակիրթը:
Զինծառայողները, բացի դրանից, պարտավոր են ողջունել (հարգանք մատուցել)`
– Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրներին (հուշարձաններին).
– անհայտ զինվորի գերեզմանին.
– հայրենիքի ազատության և անկախության համար մարտերում զոհված զինվորների եղբայրական գերեզմաններին.
– Հայաստանի Հանրապետության դրոշին` հանդիսությունների և պաշտոնական արարողությունների ժամանակ.
– զորամասի մարտական դրոշին.
– զինվորական ստորաբաժանումների կողմից ուղեկցվող հուղարկավորման թափորներին:
Զորամասերը և ստորաբաժանումները շարքում եղած ժամանակ, հրամանի համաձայն, ողջունում են`
– Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին).
– գեներալ-գնդապետներին և բոլոր ուղղակի պետերին, ինչպես նաև զորամասի (ստորաբաժանման) տեսչական ստուգման ղեկավարման համար նշանակված անձանց:
Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), շարքով տեղում կանգնած ժամանակ, զինվորական ողջույնն ուղեկցվում է նվագախմբերի կատարած քայլերգով և պետական օրհներգով:
Զորամասերի իրենց զորամասի հրամանատարին և ավելի բարձր ուղղակի պետերին, ինչպես նաև տեսչական ստուգման համար նշանակված անձանց ողջունելիս` նվագախումբը կատարում է միայն քայլերգը:
Պետական օրհներգի կատարման ժամանակ շարքում գտնվող զինծառայողները, շարային կեցվածք են ընդունում առանց հրամանի, իսկ ստորաբաժանումների հրամանատարները սկսած դասակից և ավելի բարձր, դրանից բացի ձեռքը հպում են գլխարկին:
Շարքից դուրս գտնվող զինծառայողները օրհներգի կատարման ժամանակ ընդունում են շարային կեցվածք, իսկ գլխարկ կրելու դեպքում` ձեռքը հպում դրան:
Հուղարկավորման թափորին մասնակցող ստորաբաժանումները զինվորական ողջույն չեն տալիս: