Աբովյանցի կինը մեղադրվում է իր նորածին երեխային սպանելու մեջ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի` Աննա Ն.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Աննային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2012թ հունիս-հուլիս ամիսների ընթացքում սեռական հարաբերություն ունենալով ոմն Արմանի հետ, հղիացել է և 2013 թվականի մարտի 10-ին` ժամը 22:25-ին, «Աբովյանի ծննդատուն» բժշկական հաստատությունում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո 2 ժամ անց տեղափոխվել է թիվ 9 հիվանդասենյակ` երեխայի հետ համատեղ կացության համար:

Աննա Ն.-ն, սակայն, լինելով ամուսնացած և ունենալով 2 անչափահաս երեխաներ այլ տղամարդուց, ի սկզբանե դեմ է եղել ծննդաբերությանը և քանի որ հղիությունն անցանկալի է եղել, և ծննդաբերելուց անմիջապես հետո նրա մոտ մտադրություն է առաջացել սպանելու նորածին երեխային: Այդ նպատակով Աննան անկողնու ծածկոցով փակել է երեխայի բերանը, այնուհետև ձեռքերով սեղմել նրա դեմքը, ձեռքով անկողնու վրայից հրել է նորածնին և վերջինս գլուխը հարվածելով անմիջապես անկողնու կողքին դրված պահարանին` դեմքի մասով գցել է հատակին, ինչի հետևանքով նորածին երեխան ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրնսգրքի 106-րդ հոդվածի` մոր կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո, ինչպես նաև հոգեճնշող վիճակում կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել