Որո՞նք են պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները

Ինչպես գիտենք, հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում՝ հաշվի առնելով նույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

Իսկ որո՞նք են պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող այդ հանգամանքները: Այսպես, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ են՝

1) հանցանքը կատարելու ռեցիդիվը, հանցանքը որպես արհեստ կատարելը.
2) հանցագործությամբ ծանր հետևանքներ պատճառելը.
3) հանցանքը մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կամ հանցավոր համագործակցության կազմում կատարելը.
4) հանցագործության մեջ առանձնապես ակտիվ դերը.
5) հանցանքը կատարելուն հանցավորի համար ակնհայտ հոգեկան հիվանդագին խանգարումներով տառապող կամ հարբած վիճակում գտնվող, ինչպես նաև քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անձանց ներգրավելը.
6) հանցանքն ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության, այլ անձանց իրավաչափ գործողությունների համար վրեժի շարժառիթներով կատարելը.
7) հանցանքն այլ հանցագործությունը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով կատարելը.
8) հանցանքը հանցավորի համար ակնհայտ հղի կնոջ, ինչպես նաև մանկահասակի, այլ անպաշտպան կամ անօգնական կամ հանցավորից կախյալ վիճակում գտնվող անձի նկատմամբ կատարելը.
9) հանցանքն այնպիսի անձի կամ նրա ամուսնու, կամ մերձավոր ազգականի նկատմամբ կատարելը, որը կապված է նրա կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ.
10) հանցանքն այնպիսի անձի կողմից կատարելը, ով դրանով խախտել է զինվորական կամ մասնագիտական երդումը.
11) հանցանքն առանձին դաժանությամբ, տուժողին ծաղրուծանակի կամ տանջանքների ենթարկելով կատարելը.
12) հանցանքը հանրության համար վտանգավոր եղանակով կատարելը.
13) հանցանքը ռազմական կամ արտակարգ դրության, տարերային կամ հասարակական այլ աղետի պայմաններում, ինչպես նաև զանգվածային անկարգությունների ժամանակ կատարելը.
14) հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել