Չկա եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի հարկադիր․ Արամ Վարդևանյան

Քիչ առաջ դիտեցի Կառավարության նիստից խայտառակ հատվածը կորոնավիրուսային համավարակի դեմ լրիվ հարկադիր պատվաստման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։

«Տեղեկացնեմ` ՉԿԱ Եվրոպական երկիր, որտեղ պատվաստումը լինի ՀԱՐԿԱԴԻՐ, ճիշտ հակառակը: Սկզբունքը մեկն է՝ տեղեկացնել և ճիշտ կոմունիկացվել հանրության հետ:

Այսօրվա կառավարության նիստին կատարված հայտարարությամբ (այդ թվում լիազորությունների չարաշահման տիրույթում) պետք է զբաղվեն իրավապահները: Պատվաստվելու վերաբերյալ, ասեմ իմ գիտակցված որոշումը` դրան կողմ լինելն է, բայց դա յուրաքանչյուրի գիտակցված որոշումը պետք է լինի: Ոչ մեկ, լինի կառավարություն կամ այլ մարմին չի կարող այն պարտադրել, կամ վախեցնել, կամ ծախսերը դնել ժողովրդի վրա ինչ որ հրամանով: Այս դիրքորոշումս բխում է Սահմանադրությունից, ի դեպ պաշտոնյաները պարտավոր են այն կարդալ…»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2 միլիարդ 365 միլիոն դրամ լրացուցիչ գումար հատկացնել առողջապահության նախարարությանը, որը պետք է ուղղվի Հայաստանում կորոնավիրուսի վարակի կանխարգելման, բուժման ու այլ համալիր միջոցառումների շրջանակում անհրաժեշտ ծախսեր իրականացնելու համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, թե այս պահին ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգին են, ովքեր, պատվաստված լինելով, բուժման կարիք ունեն․ «Դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղված ու անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որ քաղաքացիներին շփոթության մեջ են գցում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան, նշեց․

«Ինչու եք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում։ Կա հստակ պետության պարտավորություն՝ վարչական լծակները գործադրեք, պետք է պատվաստումը գնա առաջ: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, թե նախարարության առաջ խնդիր է դնում՝ իրեն չասեն՝ ով է խանգարում, ով չի խանգարում:

«Գնացեք լուծեք, ոչ մեկ չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծեք, վատ է, շատ վատ է պատվաստման թվերը ու որևէ ուրիշ մեկից չբողոքեք: Վերաբերում է դահլիճում նստած բոլորին, որ գալիս ասում եք՝ էս ինչ աշխատողը վախենում է պատվաստվի։ Պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որը պատվաստված չլինի։ Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է նստենք բողոքենք, էլ տենց բաներ չլսեմ: Գնացեք ու խնդիրները լուծեք»,-ասաց Փաշինյանը:

Նա ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարեց ձերբակալե ու կալանավորել այն բժիշկներին, ովքեր օգտվում են առիթից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել