Ապրանքները և տրանսպորտային միջոցները ճանաչման ներկայացնելու կարգը

Որևէ ապրանք կամ տրանսպորտային միջոց ճանաչման ներկայացնելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմնի այն պաշտոնատար անձը, որի վարույթում է գտնվում մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործը, ճանաչողից նախապես վերցնում է բացատրություն այդ առարկայի նշանների և այն հանգամանքների մասին, որոնցում նա տեսել է այդ ապրանքը կամ տրանսպորտային միջոցը: Բացատրությունը վերցնելուց հետո ճանաչման ենթակա ապրանքը կամ առարկան հնարավորության սահմաններում միատեսակ այլ ապրանքների կամ առարկաների հետ ներկայացվում է ճանաչողին և առաջարկվում մատնացույց անել դրանցից մեկը և բացատրել, թե ինչ նշաններով ու առանձնահատկություններով ճանաչեց այդ առարկան: Ճանաչումը կատարվում է ընթերակաների ներկայությամբ:

Ճանաչման արդյունքների վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, ճանաչման ներկայացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, ճանաչման ներկայացված ապրանքի կամ տրանսպորտային միջոցի նկարագրությունը` մանրամասն շարադրելով այն հատկանիշները, որոնցով կատարվել է դրանց ճանաչումը, մասնակիցների տվյալները:

Ճանաչմանը մասնակցած անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ մտցնելու իրենց դիտողությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել