Ազգային ժողովի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել միևնույն ոլորտը կարգավորող և չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռևս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ:
Չորսօրյա նիստերի օրակարգում գտնվող և միմյանց նկատմամբ այլընտրանքային համարված օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվում են հաջորդաբար՝ օրենքով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկումը քվեարկության փուլում մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը կարող է հետաձգվել միայն մյուս այլընտրանքային օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների հեղինակների գրավոր համաձայնությամբ՝ միաժամանակ:
Եթե քվեարկության են դրվում երկուսից ավելի այլընտրանքային օրենքի նախագծեր, և դրանցից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:
Եթե քվեարկության է դրվել երկու օրենքի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած օրենքի նախագիծը նորից է դրվում քվեարկության:
Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:
Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:
Առաջին ընթերցմամբ քննարկված և Ազգային ժողովի կողմից չընդունված այլընտրանքային օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից: