ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ցավակցական նամակ է հղել ՌԴ ԱԻ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Չուպրիյանին, ՌԴ ԱԻՆ նախարարի մահվան կապակցությամբ։
«Հարգելի՛ Ալեքսանդր Պետրովի,
Խորը վշտով տեղեկացա Ռուսաստանի Դաշնության ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան մասին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և սփոփանքի խոսքեր ենք ուղղում Ձեզ, նրա գործընկերներին, ընտանիքին, հարազատներին և բարեկամներին: Մենք վշտակցում ենք և կիսում Ձեր ծանր կորուստը:
Նրա անցած ուղին և մինչև վերջին օրը նվիրվածությունն իր կոչմանը և մասնագիտությանը` հերոսության, հայրենիքին ծառայելու վառ օրինակ են և հավերժ օրինակ կլինեն ապագա սերունդների համար, ովքեր նվիրվել են մարդկանց կյանքեր փրկելուն:
Հավերժ փառք հերոսի հիշատակին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում ընթացող վարժանքների ժամանակ: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է նախարարի ողբերգական մահվան մանրամասները․
«Նա և օպերատորը կանգնած էին ժայռի եզրին: Օպերատորը սայթաքել է և ընկել ջուրը։ Բավականաչափ ականատեսներ կային. ոչ ոք նույնիսկ չի հասցրել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, երբ Զինիչևը ջուրն է նետվել օպերատորից հետևից և բախվել դուրս ցցված քարին։
Մահացել է որպես փրկարար»,-նշել է նա։
Մահացել է նաև օպերատորը։