Վերջին օրերին զանգում, ասում էր՝ մամ կլինի՞ երկար խոսեմ. Էդգար Քոթանջյանը կռվել է Վարանդայում
Արցախյան պատերազմում զոհված Էդգար Քոթանջյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի դեկտեմբերի 18-ին: Կռվել է Վարանդայի շրջանում:
«Անսահման շատ նպատակներ ուներ, այնքան բան ուներ անելու: Ասում էր՝ ամեն ինչ գծել եմ: Պատերազմի օրերին զանգում, ասում էր՝ անիմաստ խուճապ են տարածում, ոչ մի վտանգ չկա, ուղղակի կրակոցներ են: Մինչև վերջին օրը չեմ իմացել, որ տղաս Մարտունիից տեղափոխվել է Վարանդայի առաջնագիծ»,- պատմում է մայրը՝ Սիրանուշ Սողոյանը:
Մայրն ասում է, որ վստահում էր որդուն և գիտեր, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի, բայց հիմա տղայի մահն առեղծված է թվում իրեն:
«Ասում են՝ մեջքից հրազենային վիրավորում է ստացել, հետո ասում են որովայնից: Տեղափոխել էին Երևան և մեզ չէին զգուշացրել, գուցե իմ տղան ողջ է եղել»,-նշում է մայրը:
Էդգար Քոթանջյանը ծնվել է 2001 թվականի օգոստոսի 15-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 27-ին: Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: