Ռեգիստրը բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգ է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող անձանց (անկախ քաղաքացիությունից), ինչպես նաև օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ բնակիչների)՝ ըստ բնակության վայրի հաշվառման նպատակով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած, Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունեցող և մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակվող անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով փաստաթղթավորվելիս բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով:
Ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաստանի Հանրապետության բնակիչը պարտավոր է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի (կացարանի) հասցեն, ինչպես նաև անհատական տվյալները:
Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում և հայտարարում է որպես իր կացարան: Մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս անձը պարտավոր է յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության համապատասխան հյուպատոսական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը, որը յոթնօրյա ժամկետում այդ մասին պաշտոնապես տեղեկացնում է կենտրոնական ռեգիստր վարող մարմնին: