Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, Պ.Պողոսյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Ծակքարի գյուղապետարանի, երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, Գեղարքունիքի մարզպետարանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման՝ նախկին ճաշարանի շենքի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու և 1400 քմ հողամասի նկատմամբ ձեռքբերման նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ կողմից 27.04.2010 թվականի թիվ 34 գրությամբ հայտնվել է, որ 1993 թվականի հունիսի 9-ի գյուղապետարանի ենթակայության տակ գտնվող ճաշարանի շենքն իր շրջակայքով համապատասխան հանձնաժողովի որոշմամբ տրվել է միջնակարգ դպրոցին՝ ժամանակավոր ուսումնական պրոցես կազմակերպելու նպատակով: 1994 թվականից օգտագործվել է մինչև 2005 թվականը, որպես տարրական դասարանների համար մասնաշենք՝ ընդհատումներով զբաղեցնելով նրա մի մասը՝ երեք սենյակներ, մնացած մասում լցրել են գույքատեսակներ: Շենքի մի սենյակում որոշ ժամանակ լցրել է վառելափայտ համագյուղացի Պ.Պետրոսը՝ իր թույլտվությամբ:
2007 թվականին մի քանի ամսով շենքը օգտագործել են տարրական դասարանների սովորողներին սնունդ տալու նպատակով, դրանից հետո շենքը չեն օգտագործել ուսումնական նպատակներով, քանի որ չկան համապատասխան պայմաններ՝ շենքը վթարային է, լցրել են որոշ քանակի տնտեսական գույք: Դպրոցի ուսմասվար Սամվել Սիրականյանը 20.03.2010 թվականին հայտարարություն է տվել այն մասին, որ գյուղի ճաշարանի գոյությունը տևել է 70-ական թվականներից մինչև 90-ական թվականների սկիզբը, որը դպրոցի մերձակայքում է և հարում է նաև համայնքի բնակիչ Պ.Պողոսյանի առանձնատանը: 90-ական թվականներին այդ շենքը և հողատարածքը զավթել է գյուղի բնակիչ Արծրուն Հակոբյանը` բնակվելու նպատակով: Հետագայում Պ.Պողոսյանը պայմանների բարելավման համար զբաղեցրել է շենքի մի մասը, իսկ մնացած մասը հատկացվել է դպրոցին ուսումնական պարապմունքների համար:
1988 թվականից դպրոցը շենքը չի շահագործել, իսկ շենքը և հողատարածքը օգտագործել է Պ.Պողոսյանը, այն պահպանել է թալանելուց և քանդելուց: 2004 թվականին մի քանի ամսով դպրոցը օգտագործել է շենքը, քանի որ այդ ժամանակ հիմնական մասնաշենքում կատարվում էր նորոգում: Ներկայումս շենքում չեն կարող պարապմունքներ անել, քանի որ խոնավ է, ոչ լուսավոր, քայքայված է և հակահիգիենիկ, այլ կերպ ասած չունի բավարար պայմաններ այդ շինությունը և այդտեղ ուսումնական պարապմունքներ նորմալ անցկացնելու համար կպահանջվի մեծ ֆինանսական ներդրումներ, իսկ դպրոցը չունի այդ հնարավորությունը:
Ըստ 10.11.2009թ. տրված Պետրոս Պողոսյանի սեփականության իրավունքի վկայականի՝ գրանցված է ինքնակամ կառուցված 392.05 ք.մ շինություն, որից 112 ք.մ զավթած հողամասի վրա է:
Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ հիշյալ Հայցվորը հողամասից օգտվել է 1988-1990 թվականներից մինչ այժմ անընդմեջ և այն երբևէ չի ընդհատվել: Հողամասից օգտվելը բարեխիղճ է, առանց որևէ բռնության գործադրման և խոչընդոտների, ավելին` հայցվորը և դպրոցը եկել են համաձայնության շենքը համատեղ շահագործելու համար, իսկ հողատարածքը՝ Պ.Պողոսյանի գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու շուրջ:
Մինչև դատաքննությունը` հայցվոր կողմը հրաժարվեց նախկին ճաշարանի շենքի նկատմամբ ձեռքբերման վաղեմությամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջից:
Դատարանը վճռեց հայցը բավարարել. ճանաչել Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքի վարչական սահմաններում գտնվող 010-207 ծածկագրով 1400 քմ հողամասի ձեռք բերելու Պ.Պողոսյանի նախապատվության իրավունքը:
Աղբյուրը` Իրավաբան.net