Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, ըստ որի փոփոխություն է նախատեսվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով սահմանված է, որ
«Պետությունը երաշխավորում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողների, ամուսնու (կնոջ) մինչև 27 տարեկան զավակների ընդունելությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ուսումնական հաստատություններ` ընդհանուր մրցույթից դուրս, առանձին մրցույթով, քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նշված հոդվածով սահմանված կարգավիճակ ստացած սովորողի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման հարցի հստակեցմամբ: