Ադրբեջանցիները մինչև հիմա տեսանյութեր են ուղարկում, թե ինչպես են Ալբերտի ուղղությամբ կրակ բացել
«Երբ Ալբերտը փոքր էր, այցելում էինք Եռաբլուր և Ծիծեռնակաբերդ, միշտ հարցեր էր տալիս հերոսների մասին, հուշահամալիրի մասին: Ես իրեն միշտ բացատրել եմ, որ նրանք այն մարդիկ են, որոնք կյանքի գնով մենք այսօր ապրում ենք»,-պատմում է Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
Նա բանակ է զորակոչվել 2020 թվականի հունվարի 13-ին: Եղել է հրանոթի հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ: Հոր խոսքով՝ գիտեր, որ դա իր պարտքն է և ամեն մարդ պետք է տա իր պարտքը:
«Ինքն ինձ ասում էր՝ պապ, կհավատա՞ս, ես ոնց որ մեր բակում լինեմ, ուղղակի դուք ինձ մոտ չեք: Երբևիցե բողոք չեմ լսել իրենից»,-նշում է հայրը:
Արտակ Հովհաննիսյանը պատմում է, որ Ալբերտը շատ լավ է տիրապետել իր զենքին:
«Հասկանում էի, որ պատերազմ է, որ չի կարելի ուրախանալ, որ Ալբերտին հեռուստացույցով ցույց տվեցին, ուղղակի հպարտություն կար, բայց ավաղ շատ կարճ տևեց»,-ասում է հայրը:
Ալբերտի հայրը պատմում է, որ ընկերների խոսքով՝ մի քանի օր ընդհանրապես չեն քնել: Ալբերտը միշտ իր հրանոթի կողքն է քնել, որպես ճիշտ հրամանատար, ճիշտ զինվոր:
«Միշտ մտածել է, որ իր կրակով կբեկանի պատերազմի ընթացքը, ինչքան շատ ու արագ կրակեն` պետք է, որ պատերազմը դադարի»,-նշում է հայրը:
Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին: Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին:
Մանրամասները՝ տեսանյութում