Ադրբեջանցիները 1974թ-ի ինչ-որ քարտեզ ձեռքներին եկել են ինչ-որ մի բարձունքի վրա, ասում են՝ սա մերն է. Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային իրավիճակի մասին

«Դիրքային խնդիր է, որը կապված է հետևյալ իրողության հետ, ադրբեջանցիները 1974 թվականի ինչ-որ քարտեզ ձեռքներին եկել են ինչ-որ մի բարձունքի վրա, ասում են՝ սա մերն է: Մտանք ֆեյքային լուրերի տարածման փուլ»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Զանգեզուրը քաղաքական գործընթացների մեջ վերածվել է ճոճանակի, բայց այն չի կարող ճոճանակ լինել, քանի որ Հայաստանի հարավային դարպասն է:

«Ադրբեջանցիները տեսնում են, թե մենք ոնց ենք Զանգեզուրը շահարկում անընդհատ, ասում են՝ մի հատ էլ այս դիրքին նստենք: Այս հարցը, համոզված եմ, իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտ հակառակորդի կողմից, որը լարվածություն է առաջացնելու մեր ներքաղաքական կյանքում, լարվածություն է առաջացնելու նաև Ռուսաստանի ներգրավվածությանը մեր անվտանգային համկարգում»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը սկսել է կամաց-կամաց խնդիր բարձրացնել, որ Ռուսաստանի ներկայությունը այս հրադադարի ռեժիմում այդքան էլ ցանկալի չէ. «Գուցե պետական մակարդակով չի ասվում, բայց դրա մասին խոսակցությունները գնալով զարգացվում են, նշվում են և սա փոքր մի էպիզոդ է և կհաղթահարվի, բայց մինչև այս պահը մեր հանրությունը գտնվում է խիստ գերլարված վիճակում»:

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ սահմանային խնդիրները դեռ հստակեցված չեն և դա երկար պրոցես է, մինչև որ պետական սահմանի հետ կապված բոլոր հարցերը ինչ-որ պայմանագրով կլուծվեն:

«Հիմա գնում են հստակեցումներ, ճշտումներ, բայց մենք այսպիսի գործողություններով կարող է հասնենք նրան, որ հրադադարի ռեճիմի հետ կապված խնդիրներ առաջացնենք»,-ասաց նա:

Պատգամավորն ասաց, որ այնտեղ է գտնվում հրադադարի ռեժիմի մեջ ներգրավված ռուսական կողմի ներկայացուցիչը և սահմանապահ զորքերի հրամանատարը և բանակցություններ է ընթանում:

Անդրադառնալով նաև այն լուրերին, որ Վարդենիսի ուղղությամբ ևս լարված իրավիճակ է՝ նշեց, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել