Առևտրի օբյեկտներում վաճառքը պետք է իրականացվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում

Մենք ամեն օր այցելում ենք զանազան առևտրի օբյեկտներ` մեզ անհրաժեշտ ապրանքը գնելու համար: Նշված օբյեկտներից գնում ենք սնունդ, ըմպելիք, որի որակից և պահպանման պայմաններից կախված է մեր առողջությունը:

Հայաստանի Հանրապետությունում գործում են առևտրի օբյեկտների հետևյալ տեսակները` խանութները, կրպակները, տաղավարները, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետերը:

Առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

«Առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Գոհար Կոստանյանի խոսքով` գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպումը ենթակա է լիցենզավորման, եթե շուկաների տարածքում իրականացվում է սննդամթերքի վաճառք, և գործում են առևտրի օբյեկտներ:

Առևտրի օբյեկտներում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:

Առևտրի օբյեկտներում սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` առանձին բաժիններում:

Ելնելով տվյալ առևտրի օբյեկտի առանձնահատկություններից` առևտրի օբյեկտը պետք է ապահովված լինի օրենքով ապրանքների վաճառքը կազմակերպելու համար օրենսդրությանը համապատասխան ընդունման, պահման և վաճառքի պայմաններն ապահովող սարքավորումներով և առևտրատեխնոլոգիական պարագաներով, պահեստային, վարչակենցաղային, ապրանքների վաճառքի նախապատրաստման համար անհրաժեշտ սենքերով:

Առևտրի օբյեկտները պետք է ապահովված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջները բավարարող ցուցանակով:

«Ի դեպ, առևտրի օբյեկտներում սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների նմուշների ցուցադրումն առևտրի օբյեկտից դուրս արգելվում է: Նշված ապրանքներ վաճառող առևտրի օբյեկտների ցուցափեղկերը և մուտքերը պարտադիր պետք է լինեն վարագուրապատված կամ մգավորված ապակիներով այնպես, որ վաճառվող ապրանքների նմուշները դրսից տեսանելի չլինեն»,-ավելացնում է իրավաբանը:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել