Տուժանքը ևս հիմնական պարտավորության կատարման ապահովման եղանակ է:
Տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
Տուժանքով ապահովվում է միայն իրական պահանջը:
Պարտատերն իրավունք չունի պահանջել վճարելու տուժանք այն դեպքում, եթե պարտապանը պատասխանատվություն չի կրում պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար:
Տուժանքի մասին համաձայնությունը պետք է կնքվի գրավոր` անկախ հիմնական պարտավորության ձևից, իսկ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է տուժանքի մասին համաձայնության անվավերության:
Տուժանքը կարող է նախատեսված լինել օրենքով: Այդ դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջել վճարելու օրենքով սահմանված տուժանքը (օրինական տուժանքը), անկախ այն բանից, կողմերի համաձայնությամբ նախատեսվա՞ծ է այն վճարելու պարտականություն, թե՞ ոչ:
Եթե վճարման ենթակա տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն:
Աղբյուրը` Իրավաբան.net