Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Արսեն Թավադյանը կարծիք է հայտնել Ազգային ժողովի կողմից այսօր ընդունված օրենքի մասին։
«Շատ վատ է, որ հանրության ամբողջ ուշադրությունը ընտրությունների և իշխանափոխության վրա է: Դա փաստացի հնարավորություն է տալիս այժմ անցկացնել ցանկացած օրինագիծ, որը նորմալ պայմաններում կհանդիպեր լուրջ դիմադրության:
Այսօր Ազգային ժողովն ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը: Մոտ երկու շաբաթ առաջ, երբ օրենքի ընդունումը տեխնիկական պատճառով հետաձգվել էր, ինձ թվաց, որ պատգամավորները հասկացել էին` այսպիսի օրենք չի կարելի ընդունել: Բայց, ցավոք, սխալվում էի:
Ամենահետաքրքիրն այն է, որ և´ ԿԳՄՍ նախարարը, և´ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի իշխանական պատգամավորները ելույթների, նիստերի ժամանակ ասում էին, որ օրենքն ունի դեռ չկարգավորված հատվածներ, որոշ տեղեր կան թերություններ, բայց եկեք հիմա օրենքն ընդունենք հետո տեսնենք»: