ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ «Պրիմ Դեկոր» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Նավասարդյանի` պատասխանողին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։
«Պրիմ Դեկոր» ՍՊԸ՝ Երևան, Մաշտոցի 41, 2-րդ տարածք հասցեում գործող խանութի մուտքի վերևում` մուտքից աջ պատին (երկկողմանի (մեկ միավոր)), ինչպես նաև ներսում տեղադրված «ՔՈԼԻՆ՚Ս» (COLIN՚S մեկ միավոր)) ցուցանակների՝ ոչ հայերեն՝ միայն օտարատառ ձևավորմամբ լինելու փաստերով, լեզվի տեսչության աշխատակիցները 2012թ. հունիսի 27-ին վարչական իրավախախտման կատարման վայրում՝ «Պրիմ Դեկոր» ՍՊԸ՝ Երևան, Մաշտոցի 41, 2-րդ տարածք հասցեում գործող խանութում, վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ են հարացել «Պրիմ Դեկոր» ՍՊԸ տնօրեն Կարեն Նավասարդյանի նկատմամբ և կազմել Վարչական իրավախախտման վերաբերյալ՝ 27.06.2012թ. թիվ 057 արձանագրությունը։
Պատասխանողը մեղադրվում է «COLIN՚S» վերտառությամբ ցուցանակի ոչ հայերեն ձևավորման մեջ։ Դատարանը նկատել է, որ մեր հասարակությունում «COLIN՚S»-ն ընկալվում է որպես «ջինս» տեսակի տաբատների համաշխարհային ճանաչում ստացած օտարերկրյա ապրանքանիշ (այսպես կոչված, «բրենդ»)։ Հայաստանի Հանրապետության բնակիչների շրջանում ներկայումս նշված ապրանքանիշի նկատմամբ ձևավորված է որոշակի վերաբերմունք. ոմանք նախընտրում են այն, ոմանք՝ ոչ, բայց և այնպես, այն սպառողների մոտ ասոցացվում է որոշակի որակի, ձևի և այլ հատկանիշների հետ։ Այսինքն՝ «COLIN՚S»-ը ոչ միայն պարզապես տեղեկատվություն է տվյալ կազմակերպության կողմից վաճառվող ապրանքի մասին, այլև այն ուղղված է առևտրի իրականացման կոնկրետ վայրում վաճառքի դրված ապրանքի նկատմամբ անորոշ թվով անձանց շրջանում հետաքրքրության ձևավորմանը և պահպանմանը, քանի որ ակնհայտ է, որ այս ապրանքանիշ նախընտրողների համար «COLIN՚S» վերտառությամբ ցուցանակը հանդես է գալիս որպես առևտրի իրականացման տվյալ վայր հրավերի յուրահատուկ ձև։ Նման պայմաններում պարզ է դառնում, որ խնդրո առարկա ցուցանակները, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի իմաստով, իրենցից ներկայացնում են նաև գովազդ:
«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է գովազդի նկատմամբ ընդհանուր պահանջները, ի թիվս որոնց, նախատեսված է հետևյալ դրույթը. «Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։ Սույն դրույթը չի տարածվում օտար լեզուներով գրանցված ապրանքային նշանների և մակնիշների վրա։»։ Այս իրավանորմից աներկբայորեն հետևում է, որ օտար լեզուներով գրանցված ապրանքային նշաններով ձևավորված գովազդը հանդիսանում է բացառություն ընդհանուր կանոնից, որը կարող է իրականացվել միայն օտար լեզվով։
Դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից նման բացառության սահմանումը նպատակ է հետապնդում պաշտպանել օտարալեզու ապրանքային նշանների իրավատերերի իրավունքները՝ օգտագործել ապրանքային նշանն այն լեզվով ու ձևով, որով որ այն ստացել է գրանցում։
Սույն գործի փաստերից հետևում է, որ «COLIN՚S»-ը ապրանքանշանների միջազգային գրանցման մադրիդյան համակարգում դեռևս 1994 թվականի հուլիսի 23-ին գրանցված ապրանքային նշան է, որի նկատմամբ չի տարածվում միայն օտար լեզվով գովազդի արգելքը։ Ընդ որում, ինչպես նշվեց վերը, գովազդի պահանջների խախտման տեսանկյունից որևէ նշանակություն չունի «Պրիմ Դեկոր» ՍՊԸ-ի կողմից «COLIN՚S» ապրանքանշանի օգտագործման իրավաչափության հարցը, որը սույն գործի շրջանակներում քննարկման առարկա չէ։
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել։
Աղբյուրը` Իրավաբան.net