Ես, իմ գործընկերներ Աննա Գրիգորյանը և Սոֆիա Հովսեփյանը ձևավորում ենք «Արցախ» նախաձեռնություն։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք, որովհետև հատկապես պատերազմից հետո, եթե պատկերացում ունեինք, որ ՀՀ-ն է Արցախի անվտանգության երաշխիքը, հիմա կարող ենք ասել, որ Արցախն է ՀՀ անվտանգության երաշխավորը, և Գեղարքունիքում, Սյունիքում մեր զգում ենք, թե թշնամուն քանի կիլոմետր հեռու էր պահում Արցախը»,- ասաց Թովմասյանը։
Նրա խոսքով՝ Արցախի հարցը, կարծես թե դուրս է եկել խորհրդարանի օրակարգից․ «Մենք Արցախը մոռացել ենք, տպավորություն է, թե հանձնեցինք ու պրծանք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը (Քելբաջար) (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Ակնայի (Աղդամ) շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բերձորի (Լաչին) շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Բերձորի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։