Ավարտվել են Փաստաբանների պալատի խորհրդի անդամների, կարգապահական գործ նախապատրաստողների ընտրությունները։ Այս մասին հայտնում է ՀՀ փաստաբանների պալատը։
«Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարել է քվեարկության ավարտի մասին:
Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տվել, որից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահը փակել է քվեատուփերի ճեղքերը:
Հաշվիչ հանձնաժողովի նիստում ամփոփվելու են քվեարկության արդյունքները:
Գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումն իրականացվում է դրա համար առանձնացված սենյակում:
Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփմանը զուգահեռ, նախքան քվեատուփ բացելը, կազմում է արձանագրություն (թիվ 1), որում նշվում է` 1) չօգտագործված քվեաթերթիկների թիվը, անօգտագործելի դարձնելով չօգտագործված քվեաթերթիկները` անկյունը կտրելու միջոցով. 2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը (ցուցակային թիվ). 3) ըստ ցուցակի ստորագրությունների քվեաթերթիկ ստացածների թիվը:
Թիվ 1 արձանագրությունը կազմելուց հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահը բացելու է համապատասխան քվեատուփը, քվեատուփից հանելու է մեկական քվեաթերթիկ, հայտարարելու է քվեարկության արդյունքը՝ փոխանցելով հաշվիչ հանձնաժողովի անդամներին՝ տեսակավորելու համար: Քվեաթերթիկները տեսակավորելուց հետո դրանք հաշվարկվելու են, իսկ արդյունքները` արձանագրվելու:
Հաշվիչ հանձնաժողովը կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում ամփոփելու է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) ՀՀ Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրվելու մասին.
2) գործը նախապատրաստող անձանց ընտրվելու մասին.
Քվեարկության արդյունքները կհրապարակվեն քվեաթերթիկների վերջնական հաշվարկից հետո»,- ասված է հայտարարության մեջ: