Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը

Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի հետ: Հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Ի շարունակումն նախկին հեռախոսազրույցի` ԱԳ նախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը շարունակական քայլեր ձեռնարկել հայ-իտալական քաղաքական երկխոսությունն առավել ամրապնդելու և հարստացնելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։ Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով արցախահայությանն առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման հրատապության վրա:

Հեռախոսազրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրականացման ընթացքին: Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց ստանձնած հումանիտար պարտավորությունների լիարժեք կատարման առաջնահերթությունը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով։

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն ընդգծեցին ԼՂ հակամարտության գոտում մշակութային ժառանգության պաշտպանության կարևորությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել