Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի նախաձեռնությամբ, նախարության ծախսերն օպտիմալացնելու նպատակով, շեշտակի կրճատվել են նախարարության պահպանման և այլ ուղղություններով նախատեսված ծախսերը։ Ի պատասխան մեր հարցման՝ Արդարադատության նախարարությունը տրամադրել է մի շարք ուղղություններով կատարված օպտիմալացման ու խնայողությունների վերաբերյալ տեղեկություն։
Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։
Այսպիսով, թեև Կառավարության համապատասխան որոշմամբ, Արդարադատության նախարարությանը տասը ծառայողական մեքենա ունենալու հնարավորություն է տրված եղել, բայց նախարարությունը 2020 թվականի առաջին կիսամյակում կրճատել է այդ թիվը՝ թողնելով ընդամենը չորս ծառայողական ավտոմեքենա՝ ներառյալ ՀՀ արդարադատության նախարարին սպասարկող ավտոմեքենան։
2019 թվականին Նախարարության ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված է եղել 6 մլն ՀՀ դրամ, սակայն դրանից ծախսվել է ընդամենը 3,5 մլն դրամը։ Այս ուղղության համար 2020 թվականին նախատեսված է եղել 4,5 մլն դրամ, սակայն կրկին ծախսվել է ավելի քիչ՝ 3 մլն ՀՀ դրամ։
Տրանսպորտային նյութերի (բենզին և այլն) ձեռքբերման համար 2019 թվականին նախատեսված է եղել 9 մլն դրամ, ծախսվել է 8,9 միլիոնը, իսկ 2020 թվականի համար նախատեսված է եղել կրկին 9 մլն դրամ, սակայն տարեվերջի արդյունքներով ծախսվել է 4,7 մլն դրամը։
2019 թվականին մեքենաների սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված է եղել 3 մլն 700 հազար դրամ, ծախսվել է 840 հազար դրամ, իսկ 2020 թվականին այս նույն ուղղությամբ նախատեսված է եղել 3 մլն 700 հազար դրամ, ծախսվել է 391 հազար դրամ։
Ի տարբերություն նախորդ տարիների՝ 2021 թվականի համար, օրինակ՝ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով նախկին 9 մլն դրամի փոխարեն նախատեսվել է 3,9 մլն դրամ, իսկ մեքենաների սարքավորումների ձեռքբերման համար 1,6 մլն դրամ՝ նախկին տարիների 3,7 մլն դրամի փոխարեն։