Նախ նշենք, որ հողի հարկի չափը կապված չէ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից և սահմանվում է հողակտորի միավոր մակերեսի համար հաստատագրված վճարի ձևով, որը վճարվում է տարվա համար:
Գյուղատնտեսական նշանակության հողերի (ներառյալ բնակավայրերում բնակշինարարության համար հատկացված, տնամերձ և այգեգործական (ամառանոցային) հողամասերը) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է դրանց կադաստրային գնահատմամբ որոշված հաշվարկային զուտ եկամտի 15 տոկոսի չափով:
Ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի համար հողի հարկը սահմանվում է հետևյալ չափերով`
ա) արդյունաբերության (ներառյալ հանքավայրերը և արտադրական գործունեությունից խախտված տարածքները), տրանսպորտի, կապի, ռադիոհեռարձակման, հեռուստատեսության, պաշտպանության նպատակներով օգտագործվող, գազատար խողովակաշարերով զբաղեցված հողատարածքների, ինչպես նաև ջրային ֆոնդի հողերի համար հողի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի նկատմամբ հետևյալ չափերով`
– բնակավայրերի ներսում` 1 տոկոս.
– բնակավայրերից դուրս` 0,5 տոկոս.
բ) անտառային ֆոնդի հողերի (բացառությամբ դրանցում գտնվող գյուղատնտեսական հողատեսքերի) համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է համապատասխան կադաստրային շրջանցման գոտիների անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման միջին արժեքի 1 տոկոսի չափով.
գ) ոչ գյուղատնտեսական նշանակության մյուս հողերի համար հողի հարկի դրույքաչափը սահմանվում է տվյալ հողատեսքի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսի չափով:
Հարկման ենթակա մակերեսների մեջ մտնում են` շենքերով և շինություններով զբաղեցված հողերը, դրանց պահպանության համար անհրաժեշտ տարածքները, ինչպես նաև օբյեկտների սանիտարապահպան, տեխնիկական և մյուս գոտիները:
Աղբյուրը` Իրավաբան.net