Անչափահաս Է.Սահակյանը ծանր մարմնական վնասվածք էր պատճառել իր եղբորը, ով հոգեկան շեղումներ ուներ և բազմաթիվ անգամներ ծեծի էր ենթարկել և տարբեր աստիճանի վնասվածքներ էր պատճառել մորը, հորը և եղբորը:
Գործի քննության առաջին իսկ պահից սկսած խախտվել էին անչափահաս երեխայի իրավունքները, մասնավորապես, նրան անորոշ կարգավիճակով բերման էին ենթարկել ոստիկանության համապատասխան բաժին և մեկ օրից ավելի պահել այնտեղ՝ չկազմելով ձերբակալման արձանագրություն, թույլ չտալով տեսնել ոչ մորը, ոչ էլ փաստաբանին: Սակայն, Երևանի ՇՊԱԿ-ի փաստաբան Ա. Հակոբյանի այցելությունից ընդամենը մի քանի րոպե անց տղային ազատեցին, հարցաքննեցին և բաց թողեցին՝ ընտրելով կալանքի հետ չկապված խափանման միջոց: Այդ պահից արդեն անվստահություն էր առաջացել քրեական հետապնդման մարմինների՝ հետաքննիչի, քննիչի գործելակերպի նկատմամբ:
Քննիչը մեղադրական եզրակացությունը կազմելիս հաշվի չէր առել, և ընդհանրապես չէր էլ նշել մի քանի գրավոր ապացույցների մասին, որոնք հաստատում էին այն հանգամանքը, որ Է.Սահակյանը կամ գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցման վիճակում, կամ արարքը կատարել է տուժողի անօրինական գործողություններից ելնելով: Հաշվի չէին առնվել մյուս մեղմացուցիչ հանգամանքները՝ որ արարքը կատարած անձը անչափահաս է, օգնել է եղբորը տանել հիվանդանոց, խորապես զղջում է կատարած արարքի համար և բնութագրվում է դրական, լավ է սովորում դպրոցում և երբևէ վարքի խնդիր չի ունեցել: Քննիչը գտնում էր, որ խստորեն պետք է պատժել Է.Սահակյանին: Դատախազը հաստատել էր այդ մեղադրական եզրակացությունը, որում որևէ նշում չէր արված մեղմացուցիչ հանգամանքների մասին, այլ արարքը որակվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը պատժվում էր 3-ից 7 տարի ազատազրկմամբ:
Դատական քննության ընթացքում փաստաբանի կողմից վեր հանվեցին գործի իրական հանգամանքները, որի արդյունքում դատարանը դատավճռեց կիրառել պատժից պայմանական վաղակետ ազատում 1 տարի 6 ամիս ժամանակով:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: