«Կոմպթաուն» ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության` նույն տեսչության թիվ 2104184 ակտն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին:
«Կոմպթաուն» ՍՊԸ-ն, դիմելով Դատարան, հայտնել է, որ 22.06.2011 ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ պետի թիվ 2203777 հանձնարարագրի համաձայն` Մյասնիկյանի ՀՏ աշխատակիցներին հանձնարարվել է «Կոմպթաուն» ՄՊԸ-ում կատարել հսկիչ գնում։ 23.06.2011թ. կազմվել է հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որում մասնավորապես նշվել է, որ կատարվել է հսկիչ գնում, պատճենահանում 100 դրամի չափով, որի գումարը մուտքագրվել է ՀԴՄ և համապատասխան գումարի կտրոն չի տրամադրվել, այնուհետև կատարվել է հսկիչ գնում 40 դրամի 2 հատ պոլիէթիլենային թղթապանակ /ֆայլ/, որի գումարը աշխատակցուհու կողմից չի մուտքագրվել և համապատասխան գումարի ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։
30.06.2011թ. կազմվել է ստուգման ակտ, որում նշվել է, որ կատարված հսկիչ գնման արդյունքում տնտեսվարողի կողմից խախտվել է Կառավարության թիվ 1325-Ն որոշման 19-րդ կետի պահանջները, որով առաջադրվել է 150.000 դրամ տուգանք։ Ակտի հիմքում դրված է թիվ 2203777 հսկիչ գնման արձանագրությունը։
Դատարանի եզրակացմամբ՝ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ: Հայցադիմումով Հայցվորը հայցադիմումի հիմքում դրել է այն հանգամանքը, որ 23.06.2011 թվականին «Կոպմթաուն» ՍՊԸ-ի գործունեության հասցեում կատարվել է հսկիչ գնում ոչ թե հարկային տեսուչների կողմից, այլ կատարվել է այլ անձի կողմից, որը նշված չի եղել հսկիչ գնման հանձնարարագրում և գնման արդյունքում տրամադրվել է ՀԴՄ կտրոն, այսինքն բացակայում է խախտման փաստը։
Դատարանը գտել է, որ Պատասխանող ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից չի ապացուցվել հսկիչ գնումը` հանձնարարագրում նշված տեսուչների կողմից իրականացնելու, ակտում նշված գնումը կատարված լինելու, ինչպես նաև գումարը հսկիչ-դրամարկղային մեքենա մուտքագրված չլինելու և հսկիչ-դրամարկղային կտրոն տրամադրված չլինելու փաստերը, ինչը բավարար է Դատարանի համար գալու այն եզրահանգման, որ Հայցվորի կողմից խախտումը չի կատարվել, որը և Դատարանը հաստատված է համարել։
Ուստի դատարանը վճռեց հայցը բավարարել։
Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: