Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Արամ Բաղդասարյանի` «Պատասխանողից 25.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով վճարման կարգադրություն արձակելու» պահանջի մասին։ Պատասխանող Հայկազ Զ.-ն հակընդդեմ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` «Տուգանքը գանձելուն ուղղված գործողությունները անօրինական ճանաչելու» պահանջի մասին:
Ճանապարհային երթևեկության կանոնների պահանջը խախտելու համար պատասխանողը ՀՀ ճանապարհային ոստիկանության 29.09.2009թ. որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի` տուգանվելով 5.000 դրամի չափով։ Պատասխանող Հայկազ Զ.-ն հայցադիմումի պատասխանով հայտնել է, որ համաձայն չէ ոստիկանության կողմից կազմած ակտի հետ, իր կողմից խախտում թույլ չի տրվել, այսինքն տվյալ պահին ինքը ամրագոտին կապված վիճակում է եղել և դատարանին խնդրել է, հաշվի առնելով վերը նշվածը, վերացնել 25.000 դրամ վճարելու որոշումը, քանի որ տուգանքի գանձմանն ուղղված հայցվորի գործողությունները ոչ իրավաչափ են և անօրինական։
ՀՀ վարչական դատարանը վճռել է հայցը բավարարել:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարան պատասխանողի բերված բողոքի քննության շրջանակներում եզրակացրեց, որ ՀՀ վարչական դատարանը պարտավոր էր գործի քննության ամբողջ ընթացքում կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, այդ թվում` նրանցից յուրաքանչյուրին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն, որպիսի պահանջը վերաբերում է նաև դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին տեղեկացնելուն։ Այնինչ պատասխանողը «Հակընդդեմ հայցն ընդունելու և հայցային վարույթի անցում կատարելու մասին» և 14.02.2011 թվականի «Վարչական գործը վարույթ ընդունելու մասին» որոշումները Հայկազ Զ.-ն չի ստացել, ինչպես նաև չի ստացել դատական նիստերի ծանուցումները:
Ուստի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց վերաքննիչ բողոքը բավարարել, բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
Աղբյուրը` Իրավաբան.net