ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ ԱԺ առաջին ընթերցումն անցած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և այլ հարցեր քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
«Հարկ է նշել, որ սա առևտրային խոշոր ցանցերի հետ տվյալ թեմայի շրջանակում կազմակերպված արդեն երկրորդ հանդիպումն է: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերին արձագանքելու համար, նշել է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերալ տարիների ընթացքում արձանագրված խնդիրներին փորձել են լուծումներ տալ նոր օրենքի նախագծով:
«Մեր հիմնական նպատակն ու գաղափարախոսությունն է հավասար խաղի կանոններ սահմանել բոլորի համար, որոնք իրենց հերթին գլխավորապես ուղղված են հավասար պայմաններ սահմանելուն»,- մասնավորապես շեշտել է Գեղամ Գևորգյանը:
Հանձնաժողովի նախագահը հորդորել է ներկաներին բաց և անկեղծ քննարկում ծավալել, ներկայացնել բոլոր մտահոգություններն ու գործնականում առաջացող հնարավոր խնդիրները, որպեսզի հանձնաժողովը կարողանա դրանց համարժեք լուծումներ տալ:
Այնուհետև տնտեսավարողներն ու հանձնաժողովի պատասխանատուները մասնագիտական քննարկում են ունեցել, որի շրջանակում մանրամասն անդրադարձ են կատարել նախագծով առաջարկվող առանձին կարգավորումների վերաբերյալ բարձրացված հարցերին ու դիտարկումներին: Բացի այդ, տեղում ներկայացվել են մի շարք առաջարկներ, որոնք դրական արձագանքի են արժանացել պատասխանատուների կողմից, և օրենքի նախագծում կկատարվեն համապատասխան փոփոխություններ»,- ասված է հայտարարության մեջ: