ՀՀ կառավարությունը նախատեսում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայրերը: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանի հարցին:
«Հարցը կարգավորվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքով, որտեղ այս պահին ներառված է մոտ 40 համայնք: Կառավարության վաղվա նիստում կներկայացվի ցանկում փոփոխությունների նախագիծ, որի համաձայն` Սյունիքի մարզի և Գեղարքունիքի մարզի ևս մոտ 40 համայնք կներառվի այդ ցանկում, որտեղի բնակիչները կօգտվեն սահմանված արտոնություններից»,- ասել է նա։
Սահմանամերձ դարձած համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկի վճարումից և որոշակի մասնակի փոխհատուցում կստանան նաև կոմունալ վճարների մասով: Նրանց երեխաների համար անվճար կդառնան նաև դպրոցական դասագրքերը: