Փետրվարի 6-ին ոստիկանության Մասիսի բաժնում «Մասիս» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Նոր Խարբերդից մեկ տարեկան մի քանի ամսական մահացած երեխա է տեղափոխվել հիվանդանոց։
Այս մասին հայտնում ենք ոստիկանությունից:
Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին փոքրիկի մայրն ու խորթ հայրը հայտնեցին, որ տղան գետնից դեղահաբ է գտել ու կուլ տվել, ինչից հետո տեղափոխել են հիվանդանոց։ Երեխայի մարմնին վնասվածքներ կային։ Մասիսի ոստիկանները հետախուզական միջոցառումներ սկսեցին՝ պարզելով բոլորովին այլ բան։ Հետախուզական ծավալուն միջոցառումների հետ մեկտեղ իրականացվեցին նաև քննչական գործողություններ։ Մասիսի ոստիկանների, Մասիսի քննչական բաժնի և դատախազության ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ հունվարից երեխայի մայրը, խորթ հայրն ու խորթ տատը տարբեր պատճառներով պարբերաբար հարվածներ են հասցրել երեխային։ Փետրվարի 5-ին ու 6-ին էլ դեղահաբ են խմեցրել։ Երեքն էլ բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել տարածքային քննչական մարմնին, տվել խոստովանական ցուցմունքներ ու ձերբակալվել։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: