Վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը

Սոցիալական ապահովության ծառայությունը հիշեցնում է, որ վերսկսվել է աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը և գործատուների կողմից անհրաժեշտ է տարածքային բաժին ներկայացնել միայն այն աշխատակիցների աշխատանքային գրքույկները, ովքեր մինչև 2017 թվականի հունվարի 1-ը ունեն աշխատանքային պատմություն և իրենց աշխատանքային գրքույկները դեռևս թվայնացված չեն:

Տեղեկացվում է նաև, որ արդեն իսկ թվայնացված աշխատանքային գրքույկները Ծառայության տարածքային բաժին կրկին ներկայացնելու անհրաժեշտություն չկա:

ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման (փոփոխությունն ուժի մեջ է մտել 13․12․2020թ․) մեջ տեղի են ունեցած փոփոխությունների համաձայն՝ գործատուները «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական բազայի տեղեկատվության հիման վրա, պարտավոր են իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց աշխատանքային գրքույկները Սոցիաալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ (այսուհետ՝ Ծառայություն) ներկայացնել հետևյալ ժամկետներում`

1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` սույն ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում.
2) 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում.
3) 100-300 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց ինն ամսվա ընթացքում.
4) 50-100 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասներկու ամսվա ընթացքում.
5) մինչև 50 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում։

Ընդ որում, մինչև աշխատանքային գրքույկները Ծառայությանը ներկայացնելն անհրաժեշտ է աշխատանքային գրքույկի հայերեն և ռուսերեն լրացված ենթաբաժինների գրառումների վերջին տողի հաջորդ տողում նշել լրացված բոլոր էջերի թիվը, ստորագրել և կնքել (առկայության դեպքում) երկու ենթաբաժինները՝ նշելով աշխատանքային գրքույկը լրացնող անձի զբաղեցրած պաշտոնը, անունը, ազգանունը: Հարկ է նկատի ունենալ, որ գործատուի ներկայացուցիչը Ծառայությանը պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ: Տեղեկացնում ենք, նաև, որ աշխատանքային գրքույկները վերադարձվում են դրանք ստորաբաժանում ներկայացնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Հարկ է նկատի ունենալ նաև, որ կատարված փոփոխությունների համաձայն՝ վերը նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել